Կլիմայական փոփոխությունների մասին առաջին անգամ լրջորեն ահազանգեց շվեդ գիտնական, Նոբելյան մրցանակակիր Սվանտե Արենիուսը։ Դա մոտավորապես 100 տարի առաջ էր։ Իրականում, սակայն, կլիմայի փոփոխությունը նոր երևույթ չէ։ Երկրի ջերմաստիճանը միշտ էլ փոփոխական է եղել։ Բայց իրավիճակը կտրուկ փոխվեց 20-րդ դարասկզբից, երբ համամոլորակային միջին ջերմաստիճանը բարձրացավ 0,7 աստիճանով, որից միայն 0,5 աստիճան բարձրացումը տեղի ունեցավ 1978-ից հետո։ Ըստ փորձագետների՝ համաշխարհային միջին ջերմաստիճանը կշարունակի աճել, և առաջիկա 100 տարիների ընթացքում կանխատեսվում է 1,4-5,8 աստիճանով բարձրացում։
Կլիմայի փոփոխության պատճառները երկուսն են՝ բնական և անտրոպոգեն (մարդածին)։ Կլիմայի բնական փոփոխությունների պատճառներից մի քանիսը կապված էին Երկրի ուղեծրի անոմալիաների, հրաբխային ակտիվության հետ։ Մարդածին պատճառները գլխավորապես կապված են մարդու կողմից էներգիայի ստացման համար հանքային վառելիքի այրման և գյուղատնտեսական գործունեության հետ, որոնք առաջացնում են ջերմոցային գազերի արտանետումներ։
Բնականաբար, կլիմայական փոփոխություններն անհետևանք մնալ չեն կարող։ Դրանք ազդում են ինչպես էկոհամակարգի, այնպես էլ մարդու գործունեության տարբեր բնագավառների վրա։ Կլիմայի փոփոխության ազդեցությունից կլինեն տուժողներ, թեև կլինեն նաև շահողներ։
Ըստ «Կանաչ ճանապարհ սերունդներին» հասարակական կազմակերպության նախագահ ԿԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ՝ գլոբալ տաքացումները կարող են առաջացնել նպաստավոր փոփոխություններ աշխարհի որոշակի վայրերում, որոնք կարտահայտվեն անտառների և գյուղատնտեսության բերքատվության աճի տեսքով։ Դա կլինի մեղմ ձմեռների, մշակաբույսերի աճի ժամանակաշրջանի երկարացման շնորհիվ։ Այնուամենայնիվ, աշխարհի մեծ մասի համար կլիմայի փոփոխությունը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների, նույնիսկ կարող է բերել աղետների, մասնավորապես ափամերձ բնակավայրերի և փոքր կղզիների համար՝ մարդկանց և կենդանիներին սպառնալով տարբեր փոթորիկներով, ծովի մակարդակի բարձրացմամբ, ջրհեղեղներով, իսկ քաղցրահամ ջրի համակարգերը կվտանգվեն աղի ջրի ներթափանցումից։
Կլիմայի փոփոխության համատեքստում կարևոր հարցերից է ջրային պաշարների խոցելիությունը։ «Ջրային պաշարները մեծապես կախված են եղանակի և կլիմայի փոփոխություններից։ Դրանք ազդում են ջրի գլոբալ շրջանառության վրա, փոփոխում ջրհեղեղների և երաշտների հաճախությունը, տեղումների քանակն ու սեզոնային բաշխվածությունը, մակերևութային ջրերի և հողի խոնավության փոխազդեցությունը, նվազեցնում ձյան ծածկույթը և ավելացնում սառույցի հալոցքը։ Ջերմաստիճանի փոփոխությունը և դրա տատանումները կարող են խախտել օրգանիզմների կենսական պարբերաշրջանները և կենսաբազմազանությունը։ Կլիմայի փոփոխությունը կուժեղացնի քաղաքական և տնտեսական լարվածությունը հատկապես այն երկրներում, որտեղ սակավ են ջրային աղբյուրները, իսկ ջրի կարևոր համակարգերը համատնօրինվում են տարբեր երկրների կողմից։ Հետզհետե ավելի մեծ թվով մարդիկ կարող են բախվել բնակավայրի կորստի հետ, վարակիչ հիվանդությունների (մալարիա, դեղին տենդ, խոլերա) տարածման, թերսնման, սրտանոթային և շնչառական հիվանդությունների աճի վտանգ կառաջանա»,- պարզաբանում է Կարինե Մանուկյանը` հավելելով, որ այդ փոփոխություններից առաջին հերթին կտուժեն բնակչության ռիսկային խմբերը՝ աղքատները, տարեցները և ծանր հիվանդները։
Հայաստանում նույնպես կլիմայական փոփոխություններն անհետևանք չեն մնա։ Մասնագետները հաշվարկել են, որ մինչև 2030 թիվը ջերմաստիճանի միջին տարեկան աճը կկազմի միջինը +1,3 աստիճան (նվազագույնը՝ +0,6 և առավելագույնը՝ +2,1 աստիճան)։ Տարեկան տեղումները մեր երկրում մինչև 2030-ը կնվազեն միջինը 3 տոկոսով, իսկ մինչև 2100 թիվը` 10 տոկոսով։ Կընդլայնվեն անապատային և կիսաանապատային գոտիները։ Անտառային գոտու ստորին սահմանը կբարձրանա, իսկ ալպյան գոտու տարածքը կփոքրանա։ Սպասվում է հացազգիների, բանջարանոցային և մրգատու մշակաբույսերի արդյունավետության, ինչպես նաև անասնապահության արտադրողականության նվազում։
Նշենք, որ Հայաստանի տարածքում առկա 9500 փոքր և միջին գետերի հոսքը խիստ զգայուն է կլիմայական փոփոխությունների և տատանումների նկատմամբ։ Օդի ջերմաստիճանի աճը և տեղումների քանակի նվազումը կավելացնեն գոլորշիացումը և կնվազեցնեն ձնածածկույթը, գետերի հոսքն ու ջրամբարների պաշարները։ Հայաստանի գետերի մեծ մասի սնուցումն իրականացվում է ձնհալքի միջոցով, որն ապահովում է գետերի հոսքի 20-40 տոկոսը։ Ըստ փորձագիտական կանխատեսումների՝ 1961-1990 թվերի ընթացքում ձնածածկույթի ձևավորման և հալոցքի պատկերը փոխվել է, ինչի հետևանքով Հայաստանում ձյան տեսքով ջրային պաշարները պակասել են 5-10 տոկոսով։ Հայաստանի գետերի ընդհանուր հոսքը 2030-ին կպակասի մոտ 7 տոկոսով, իսկ 2100 թվին` 24 տոկոսով։ Ձյան ծածկույթի նվազման տեսակետից առավել խոցելի են Ախուրյան, Արփա, Ազատ, Հրազդան և Քասախ գետերի ավազանները։
Կլիմայի փոփոխության հետևանքով Հայաստանի ջրային պաշարների խոցելիությունը կունենա նաև սոցիալ-տնտեսական հետևանքներ։ Այն կազդի գյուղատնտեսության, հիդրոէներգետիկ համակարգի վրա։ Ջրի պակասը կփոփոխի երկրի հիդրոէներգետիկ ներուժը՝ վտանգելով սեփական էներգառեսուրսներից էներգիայի ստացման հնարավորությունը։
Մասնագետները խորհուրդ են տալիս Հայաստանի ջրային պաշարների վրա կլիմայի փոփոխության անբարենպաստ ազդեցությունը մեղմելու համար ձեռնարկել պատշաճ միջոցներ, նոր ջրամբարների կառուցմամբ մեծացնել գետերի ձմեռային և գարնանային հոսքերի կուտակման տարողունակությունը, ջրի կորուստների պակասեցման նպատակով վերակառուցել ոռոգման համակարգերը, ներդնել ոռոգման ջրախնայող մեթոդներ, նվազեցնել Սևանա լճից ջրի բացթողումը ոռոգման և էներգաարտադրության նպատակով, խնայել և ողջամիտ օգտագործել ջուրը տնտեսության բոլոր ճյուղերում։
Բացի այդ, «Կանաչ ճանապարհ սերունդներին» ՀԿ-ի նախագահը կարծում է, որ շրջակա միջավայրի խնդիրների լուծման արդյունավետության բարձրացմանը կնպաստեն նաև հանրային իրազեկման աշխատանքները։ Հասարակությունը պարբերաբար պետք է տեղեկացվի առկա մարտահրավերների մասին, ձեռնարկի ռիսկերի կանխարգելման համապատասխան միջոցառումներ։ Մասնավորապես, իրականացվում է «Կլիմայի փոփոխությունում մեզնից յուրաքանչյուրն ունի իր դերը» ծրագիրը։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ